AM
28 Ապրիլ 2007 - 11:25 AMT

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ցանկանում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ

Սկզբունքորեն, մարդու իրավունքներին վերաբերող զեկույցում հակամարտության հիշատակումն այնքան էլ տեղին չէ, սակայն բանը դրանում չէ: Հիշեցնենք, որ սկզբնական տեքստում, որն էլ դարձավ հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետի վերջնական արտացոլումը, ասվում էր.«Հայաստանը գրավել է Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղը եւ մերձակա տարածքները»: Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ տեքստը չի համապատասխանում իրողությանը, ձեւակերպումը փոխարինվեց, դրանից առավել անհասկանալի դառնալով: «Հայկական զինված ուժերը զբաղեցնում են Ադրբեջանի մի մեծ մասը, որը պատկանում է Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ասում են, թե հանրապետությունը ուղղակիորեն չի օկուպացրել Լեռնային Ղարաբաղը»: Կոպիտ ասած, ամեն ինչ գրեթե անփոփոխ մնաց: Սակայն այստեղ արդեն հանդես եկավ Ադրբեջանը, նույնիսկ չսպառնալով, այլ վախեցնելով, թե կհրաժարվի մասնակցել անվտանգության հանձնաժողովի աշխատանքին: Եվ միանգամից ամեն ինչ վերադարձավ իր տեղը: Միանգամից մի քանի հարց է ծագում եւ ամենակարեւորը` եթե գերտերությունը չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին, ուրեմն Բաքուն նրան շատ է հարկավոր` նավթ, գազ, Իրանի դեմ հարվածի հնարավոր հարթակ, տրանսպորտային ուղի դեպի Կենտրոնական Ասիա: Հարկավոր է որպես Թուրքիայի դաշնակից: Իսկ ի՞նչ օգուտ կարելի է քաղել Հայաստանից: Ընտրություններն էլ, Աստված չանի ԱՄՆ-ի համար, նորմալ կարող է անցնեն, «գունավոր» հեղափոխություններ չեն նախատեսվում եւ նույնիսկ ընդդիմությունն է ինչ-որ մեղմացել, իր երկրի մասին է սկսել մտածել, բացառությամբ մեկ-երկու ներկայացուցիչների, որոնք եղանակ չեն ստեղծում: Այնպես որ ավելի լավ է Հայաստանին թողնել, որ ինքնուրույն գլուխ հանի: Սկզբունքորեն ասած, վաղուց էր այդպես պետք:

Ճիշտ է, լիովին անտեսել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը չի ստացվի, ինչն արվեց Հայաստանի կողմից: ՀՀ ԱԳՆ-ն համարում է, եւ միանգամայն իրավացիորեն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխությունների հարցում մոտեցումն ի սկզբանե լուրջ չէր: «Ոչինչ, մի անգամ էլ կփոխեն: Կարեւորն այն է, որ առաջին ուղղմամբ եւ հավաստիացումներով ԱՄՆ-ն ընդունեց իր սխալը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վ.Կարապետյանը:

Կարծես թե ամեն ինչ լավ է, եթե չլիներ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ԱզերԹաջ գործակալությանը տված ծավալուն եւ խճճված հարցազրույցը: «Հայտարարությունը զեկույցի նախնական տարբերակում սխալ էր: Եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկայիս փուլը, ապա դա մեր սխալն էր: Եկեք եւս մեկ անգամ վերլուծենք` ուղղման մեջ ասվում է, որ հայկական ուժերը օկուպացրել են տարածքները, սակայն Հայաստանի պաշտոնական անձինք հայտարարում են, թե իրենք չեն օկուպացրել Լեռնային Ղարաբաղը: Ինչպես տեսնում եք, մենք ուղղակի նշել ենք այն, ինչ ասում է հայկական կողմը: Ներկայումս մենք գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի այն փուլում, երբ կողմերը բանակցում են նրա հետագա կարգավիճակի մասին: Այդ կարգավիճակը Մինսկի խմբի միջնորդությամբ կորոշվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը եւ ԵԱՀԿ որոշումները:

Ուստի եթե մենք, ինչպես դա նախնական տարբերակում էր, սխալ հայտարարենք, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, ապա այդ հայտարարությունը կկանխորոշի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների արդյունքները: Մենք չենք կարող որոշել արդյունքները, արդյունքները պետք է ի հայտ գան բանակցությունների ընթացքում: Ուստի կրկնում եմ, որ մենք սխալ ենք թույլ տվել: Եվ ուղղել ենք մեր սխալը: Նշեմ նաեւ, որ ոչ ոքի ազդեցության տակ մենք չենք գործել: Ոմանք ասում են, թե մենք դա արել ենք սփյուռքի ինչ-որ խմբերի ազդեցության տակ: Դա այդպես չէ»: Բրայզայի ասածից անհասկանալի է մնում, թե երբ է ԱՄՆ-ն սխալ թույլ տվել` առաջին անգամ թե երկրորդ: եթե առաջին, ամեն ինչ պարզ է, սխալն ուղղել են: Եթե երկրորդ` կրկնակի անհասկանալի է թե ինչն էին ուղղում: Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ այլեւս ուղղումներ չեն լինի եւ նրա հետ կարելի է համաձայնվել: Եթե ուղղումներ չլինեին առաջին անգամ, ամեն ինչ պարզ կլիներ` այդպիսին է ԱՄՆ դիրքորոշումը: Իսկ հետո խառնաշփոթ առաջացավ, որը դարձավ սովորական: Ինչեւէ, հազիվ թե զեկույցը կարելի է մեկ քայլ առաջ համարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այդ հասկացությունը, վերջերս, դարձել է ավելի շատ քաղաքական, քան բարոյական կատեգորիա: