Իր հերթին բանաձեւի հեղինակ Ա.Շիֆը Կալիֆորնիայից նշեց, որ 218 կոնգրեսականները ցույց տվեցին, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Երբ դեռեւս ողջ են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, մենք գիտակցում ենք, որ անհապաղ պետք է ուշադրություն հրավիրել մի ողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձի վրա: Պատմության մութ էջերի ժխտումը խոչընդոտում է առավել արդյունավետ քայլերի ձեռնարկմանը Դարֆուրում շարունակվող ցեղասպանության դեմ»,-ընդգծել է Շիֆը:
2007 թվականի հունվարի 30-ից ի վեր, երբ կոնգրեսական Շիֆը կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի հետ համատեղ քվեարկության դրեցին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում, ANCA-ն հսկայական աշխատանք կատարեց: Բազում հանդիպումներ կազմակերպվեցին կոնգրեսականների հետ, երկու քարոզարշավ անցկացվեց` «Clik for Justice» եւ «Call for Justice» ի պաշտպանություն 106-րդ բանաձեւի: Մի խոսքով, ամեն ինչ ինչպես միշտ հաջող է դասավորվում, եւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ ավելի շուտ, բանաձեւը կարող է քվեարկության դրվել: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես ցանկանում է ԱՄՆ-ի հայ համայնքը: Առաջին հերթին, եւ դա ամենակարեւորն է, Թուրքիայի գործոնը շատ լուրջ դերակատարություն ունի: Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին արտահայտությունները ԱՄՆ-ի հասցեին կասկած չեն թողնում, որ եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, դա շատ լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկայն հարաբերություններին: Երկրորդը, Կոնգրեսը մինչեւ սեպտեմբեր արձակուրդ է գնում, որի ընթացքում, շատ հավանական է, որ Երեւան կժամանի դեսպան Ռիչարդ Հոգլանդը, որին այդ պաշտոնում չեն ցանկանում տեսնել ԱՄՆ-ի հայերը, սակայն նրա թեկնածությանը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը: Նշանակման երկրի կառավարության եւ համայնքի, նույնիսկ շատ ուժեղ, միջեւ ընտրությունը ի օգուտ առաջինի կլինի:
Մյուս կողմից, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի, Հայոց ցեղասպանության հնարավոր ընդունումը ԱՄՆ-ի կողմից, եթե նման բան կատարվի, չի նշանակում թե այն ինքնաբերաբար կճանաչվի Թուրքիայի կողմից: «Ես կարծում եմ, որ քվեարկությունից առաջ վերջին պահին Կոնգրեսում հեռախոսազանգ կհնչի Սպիտակ տնից եւ 106-րդ բանաձեւը կմերժվի: Եվ դա չնայած արդեն հավաքված կոնգրեսականների 218 ձայնին: Եթե Սպիտակ տունը գտնի, որ 106-րդ բանաձեւը սպառնում է Ամերիկայի ազգային անվտանգությանը, ապա ոչ ոք նրա օգտին չի քվեարկի: Նման բան արդեն եղել է 2000 թվականին: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի միակ հավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում: Այդ հարցում ոչ մի տարբերություն չկա դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ»,-ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:





