AM
7 Օգոստոս 2007 - 13:28 AMT

Բաքուն սպասում է, որ Նիկոլա Սարկոզին կայցելի Ադրբեջան «հակառակ հայերի ճնշմանը»

Իսկ եթե Ֆրանսիայի նախագահը չայցելի Բաքու, ապա, ադրբեջանական վարկածով, դա կնաշանակի, որ նա «ենթարկվել է հայկական ճնշմանը»: Ինչպես գրում է «Էխո» թերթը, Ֆրանսիայում շատ հզոր հայկական համայնք է գործում, կան Հայաստանին աջակցող շատ ուժեր. «Չնայած դրան, ֆրանսիացի առաջնորդը ծրագրում է այցելել Ադրբեջան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախկին նախագահը այցելել է Երեւան: Դա, իհարկե, արժանի է ուշադրության, խոսում է այն մաին, որ Ֆրանսիայի նախագահը պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ գործում է հակառակ հայամետ ուժերի ճնշմանը: Կա հավասարակշռված քաղաքականություն»:

Իդեպ, ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախագահների այցելությունները կախված չեն կամ, համենայն դեպս, քիչ են կախված այս կամ այն համայնքի ցանկություններից, որքան էլ այն հզոր լինի բնակության երկրում: Ադրբեջանը գտնում է, որ ածխաջրածինները կարող են ազդել ցանկացած, նույնիսկ բարոյական չափանիշների վրա, եւ այդպիսով հույս ունի իր օգտին կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը: Իսկ Ֆրանսիան, որ հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ անդամ, «կարող է օգնել» Ադրբեջանին: Համենայն դեպս, Բաքուն մեծ հույս է կապում դրա հետ: Բնական է, եթե Սարկոզին ժամանի Ադրբեջան, ապա նրանից սպասելու են Ադրբեջանի սահմանների անխախտության մասին հայտարարություններ: Սակայն, կարող է այնպես ստացվել, որ Փարիզը հերթական անգամ ընդգծի, որ հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն: Նման բանաձեւն Արդբեջանին, իհարկե, ձեռնտու չէ: Ազայ Ղուլիեւի խոսքերով, Բաքուն արել է իրենից կախված ամեն ինչ: «Մենք դիվերսիֆիկացիայի ենք ենթարկում ածխաջրածնային պաշարների մատակարարումը Եվրոպա, դրա համար շարունակել ենք ԲԹՋ-ն, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի ծրագրերին, Իրաքի եւ Աֆղանստանի խաղապահ գործողություններին մենք սկսկել ենք մասնակցել մահմեդական երկրներից առաջինների շարքում եւ այլն: Ցավոք, մեր երկիրը դեռ պատասխան չի տեսնում` Ադրբեջանի դիրքորոշման աջակցության տեսքով»,- գտնում է պատգամավորը: Փաստորեն, Բաքուն հերթական անգամ շահարկում է նավթն ու գազը հույս ունենալով ցանկալիին հասնել` մոռանալով գլխավորը. էներգակիրների հետ կարող է մանիպուլիացիաներ անել եւ պայմաններ թելադրել միայն այնպիսի տերությունը, ինչպես Ռուսաստանը: Սակայն իհարկե ոչ Ադրբեջանը: Եթե հաշվի առնել Ֆրանսիայի «սառը» հարաբերությունները Բաքվի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ, ապա սպասումները Նիկոլա Սարկոզիի ենթադրվող այցելությունից կարող են շատ համեստ լինել:

Ամբողջ բանը նրանում է, որ Ֆրանսիայի նախագահը, նաեւ Եվրամիությունը հոյակապ տեղեկացված են Ադրբեջանի ներքաղաքական իրադրության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառների մասին: Կարելի է հնարավորինս անգամ հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներով, որ ինչ-որ պետության հերթական պաշտոնյան հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, գրել այն մասին, որ առանց Բաքվի էներգապաշարների Եվրոպան եւ ողջ աշխարհը չեն կարող ապրել, այդ ամենը միայն խոսքեր են: Պրագմատիկ Սարկոզին կանի այնպես, ինչպես պետք է իր երկրին եւ ԵՄ-ին, որտեղ Ֆրանսիան խաղում է առաջին դերերից մեկը: Եթե Բաքուն իրոք ցանկանում է ինչ-որ բան ստանալ ԵՄ-ից, ապա նա պետք է փոխի իր քաղաքականությունը եւ դադարի համառորեն ժխտել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կայացել է որպես անկախ պետություն, որը կախված չէ Բաքվի նավթից, որի շնորհիվ այն փոխանցվեց Ադրբեջանին 1920 թվականին, եւ որը, հիշեցնենք, կազմում է համաշխարհային պաշարի ընդամենը 0,7 տոկոսը: