Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ ոք չի կարող ստիպել այս կամ այն երթուղով անցնել: Իսկ օրինակ ԵՄ հատուկ ներկայացուցիչներին եւ ԵԽԽՎ առաքելության անդամներին կարելի է, ինչը Բաքուն հաջողությամբ անում է. դրա հոյակապ օրինակ է, երբ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերադարձավ կեսճանապարհից: Պարզապես անհասկանալի է, ինչից նա վախեցավ… Ինչպես վերջերս հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, պատմական հուշարձանների պաշտպանության ԵԽԽՎ առաքելության ղեկավար Էդվարդ Օ’Հարան սկզբից ցանկանում էր այցելել Ադրբեջան, սակայն Լեռնային Ղարաբաղ նա ծրագրում էր գնալ Հայաստանից: «Մենք դա ճիշտ չենք համարում եւ նախօրոք հայտարարել ենք մեր պայմանների մասին: Պաշտոնական Բաքուն շահագրգռված է նրանում, որպեսզի զեկուցողը տեղում ուսումնասիրի մշակութային եւ պատմական հուշարձանների դրությունը Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, եւ զեկուցողը պետք է այդ տարածք ժամանի Ադրբեջանի տարածքով: Օ’Հարան միջազգային կազմակերպություն է ներկայացնում եւ այդ պատճառով կապահովվի նրա անվտանգությունը»,- ընդգծել է Հուսեյնովը: Նույնն է տեղի ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, երբ հոկտեմբերի 8-12 ծրագրված ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի այցը` լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ, խափանվեց, քանի որ ադրբեջանական կողմը պայման ներկայացրեց, որպեսզի պատվիրակությունը Բաքվով մեկնի Լեռնային Ղարաբաղ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ այցելության համար եւ հիշեցրել է, որ երկար տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելել են Հայաստանի տարածքով:
ԵԽԽՎ դիրքորոշումը տվյալ դեպքում տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ Ռասել-Ջոնսթոնը նկատել է, որ Եվրախորհրդարանը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի ներքին քաղաքականությամբ: «Արագ տնտեսական աճն Ադրբեջանում չպետք է հանգեցնի Եվրոպայի երկրներում տարածված հիմնական ժողովրդավարական արժեքների անտեսմանը: Մեր գլխավոր մտահոգությունը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին` նրանցից շատերը հիվանդ են եւ զառամյալ: Անհանգստացնում են նաեւ խոսքի ազատության հարցերը` վերջերս Ադրբեջանում 7 լրագրող է ձերբակալվել»,- ասել է լորդ Ջոնսթոնը:
Երեւի, առաջին անգամ Բաքվին հասկացրել են, որ նավթը չի կարելի անվերջ շահարկել: Եթե Եվրոպայի էներգետիկ կարիքները ապահովվեին միայն Բաքվի նավթով, ապա իհարկե Իլհամ Ալիեւն իրեն ազատություն կտար եւ պատերազմ կսկսեր: Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ: Այնպես որ, այնպիսի լծակի հետ կապվելը, որով, Ալիեւի կարծիքով, կարելի է ցանկացած երկրի ներկայացուցչի թույլ տալ կամ թույլ չտալ այցելել Լեռնային Ղարաբաղ, պարզապես անմիտ է: Իդեպ, այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Ադրբեջանցի ղեկավարների տոնայնության վրա ազդում է նավթադոլարների գործոնը: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն գիտակցում, որ ագրեսիայի ցանկացած փորձ կհանգեցնի նավթադոլարների հոսքի կտրուկ դադարեցման, քանի որ առաջինը, որ կոչնչացվի ադրբեջանական ագրեսիային պատասխանելիս, նավթային հզորություններն են: Դա կոչնչացվի ակնթարթորեն, այդ պատճառով ադրբեջանական կողմը պետք է մտածի` արդյոք պետք է սղոցել ճյուղը, որի վրա նստած ես: Հիշեցնենք, որ առաջին քայլը, որին դիմել է Իրաքը, ներխուժելով Քուվեյթ 1990 թվականին, վերջինիս նավթային հորանցքերի հրդեհումն էր: Սակայն լավագույնս Ադրբեջանում տիրող իրադրությունը նկարագրել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն. «Այսօր մենք ճգրտորեն եւ անխուսափելիորեն հասնում ենք երրորդ աշխարհի երկրների վիճակին` առանց գիտության, բարձ մշակույթի, առանց նորմալ տնտեսական զարգացման հեռանկարների: Նավթային փողերը ինչպես ժանգը քայքայում են մեր էլիտայի հոգին եւ մարմինը, իսկ, ժողովուրդը, որն առանց այդ էլ երբեք չի եղել բարձր մշակույթի կրող, վերածվում է բանդեռլոգների»:





