Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը փաստաթուղթը չստորագրեց` նրան շտապ կանչեցին Բաքու: Փաստաթուղթը Բաքվում ստորագրվեց ավելի ուշ: Չնայած դրան, ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադար հաստատվեց: Հրադադարը, առաջին հերթին, հարկավոր էր Ադրբեջանին, որը ԼՂՀ բանակի սրընթաց հարձակման արդյունքում կորցնում էր իր դիրքերը: Բաքվում հասկացան, որ եթե հայերին չկանգնեցնեն, Ադրբեջանը կարող է կորցնել նաեւ Գյանջայի օդանավակայանը, որը երկրորդն է Անդրկովկասում, վերահսկղությունը Քուր գետի վրա եւ, հավանական է, որ պատերազմը մինչեւ Բաքու հասներ: Նախիջեւանի «արտաքսումից» վերադարձած եւ նախագահ դարձած Հեյդար Ալիեւը դա չէր կարող թույլ տալ: Ալիեւը նաեւ լավ հասկանում էր, որ հայերի հարձակումը կարող է կանգնեցնել միայն Ռուսաստանը: Այն մասին, որ Ադրբեջանն իրոք վախենում էր հայկական բանակի հարձակումից, ասվում էր եւ այն ժամանակ եւ այժմ: Դա մի փոքր գաղտանազերծեց դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, ՌԴ նախագահի ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի գծով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ու մասնակիցը: «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հոդվածում նա գրում է. «1994թ Տերտերի մոտ ընթացող համառ մարտերը նոր աղետի սպառնալիք էին` եթե հայերը դուրս գային Քուր գետի մոտ, դրանով իսկ կկտրեին Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը: Բաքուն արդեն նախնական պայմաններ չէր դնում, եւ պատրաստ էր տեւական հրադադարի»:
Կրակի դադարեցման նախաձեռնողը Ռուսաստանն էր, որը չէր ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Մզարեուլովի կարծիքով, Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի` Կովկասի ամենահարուստ երկրի հետ, վատթարացել էին 1988թ. սումգաիթյան, 1990թ. Բաքվի իրադարձությունների եւ Ղարաբաղի պատճառով: «Շատ բացասական հետեւանքներ ունեցավ նաեւ նախագահ Էլչիբեյի ազգայնական կուրսը: Հարաբերությունները վատթարացել էին, սակայն չէրն փչացել: Մենք չէինք մասնակցել հակամարտությանը Հայաստանի կողմից: Մենք այստեղ չէինք ստանձնել խաղաղապահ գործառույթ` դա անում է ԵԱՀԿ-ն, այտեղ չկան մեր զորքերը: Օբյեկտիվորեն դեռեւս Ադրբեջանը շահագրգռված է լավ (հատկապես Չեչնիայի հանդարտացումից հետո), սակայն ոչ դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ բազում պատճառներով: Դա եւ Ռուսաստանում ադրբեջանական մեծ համայնքի` շուրջ 3 մլն մարդ, շահերն են, եւ համատեղ խաղը նավթագազային շուկայում, եւ Կասպից ծովի խնդիրները եւ այլն: Չնայած հռչակված ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ընդհանուր առմամբ Ադրբեջանն այսօր մեզ համար բարեկամաբար տրամադրված չեզոք երկիր է»,-գտնում է նա: Միեւնույն ժամանակ Մզարեուլովը նշում է, որ ղարաբաղյան խնդիրրն, անշուշտ, շարունակում է մեծ խնդիր մնալ, սակայն «լարվածության թուլացումը հիմնականում կախված է տարածաշրջանային այլ հակամարտությունների լուծումից, հատկապես Վրաստանում, նրանից, թե կաճի տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությունը որպես մեծ խաղաղարար տերության թե հակառակը»:
Այնուամենայնիվ, Հայաստանի համար արձանագրության ստորագրումը դրական քայլ էր: Հրադադարի մասին Բիշքեկի արձանագրությունն առաջին փաստաթուղթն է, որտեղ պաշտոնապես որպես հակամարտության կողմ ճանաչված է Լեռնային Ղարաբաղը: Արձանագրությունը ստորագրել են ԼՂՀ-ի Ադրբեջանի եւ Հայաստանի` որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավորի պաշտպանության նախարարները: «Այդպիսով, 1994 թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Խաղաղ պայմանագիրը, եթե այն ստորագրվի մոտ ապագայում, պետք է ստորագրեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը»,-գտնում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ոչ այնքան կարեւոր է բուն Բիշքեկի արձանագրությունն, այլ այն, որ 14 տարի առաջ հակամարտության կողմերի միջեւ գործում է հրադադարի ռեժիմը: «Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը կարելի է «խաղաղություն» անվանել: Ես համաձայն չեմ, երբ ասում են`«ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Եթե չեն կրակում, նշանակում է խաղաղ գործընթաց է ընթանում: Բիշքեկի արձանագրությունը մի փաստաթուղթ էր, որը գրանցել է 1994թ. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գծում ստեղծված իրավիճակը: Եվ այն պահպանվում է մինչ այժմ»,-նշել է Իսկանդարյանը:





