Նիկոլյա Սարկոզիի խոսքերով, գագաթաժողովն արժե անցկացնել Նյու-Յորքում, այսինքն` այնտեղ, որտեղ «ամեն ինչ սկսվեց»: Փաստորեն, ԵՄ պատրաստվում է վերանայել 1944թ. Բրետտոն-Վուդյան համաձայնությունները, որոնք սկիզբ դրեցին ներկայիս մետաղադրամային համակարգին եւ հանգեցրին ՄԴՖ եւ ՀԲ ստեղծմանը` որպես թույլ եւ աղքատ երկրների վրա ազդելու ամերիկյան գործիքներ:
Փորձագետներրի կարծիքով, ելնելով այն փորձից, թե ինչպես էր պատրաստվում Բրետտոն-Վուդսը, կարելի է ասել, որ երկրորդ Բրետտոն-Վուդս չի լինի: Նախ, Բրետտոն-Վուդսը պատրաստվում էր երկար ժամանակ եւ նստաշրջանը տեւեց գրեթե մի ամիս (1944թ. հուլիսի 1-22): Մինչդեռ գագաթաժողովի մասնակիցներն այդքան ժամանակ չունեն: Երկրորդը, Բրետտոն-Վուդյան համաժողովը անցկացվում էր ՄԱԿ-ի շրջանակներում եւ անգամ ձեւականորեն անվանվում էր ՄԱԿ-ի մետաղադրամային եւ ֆինանսական համաժողով: Գագաթաժողովը անցկացվելու է մակյան շրջանակներից դուրս: Երրորդը, մասնակիցների կազմը. Բրետտոն-Վուդսում նստաշրջանին մասնակցում էին 44 երկրների փորձագետներ, որոնց որոշումներն այն ժամանակ իրենց կառավարությունների համար պարտադիր չէին: Բայց 1944 եւ 2008 թվականների միջեւ գլխավոր տարբերությունը իրադրությունն է Միացյալ Նահանգներում: 1944թ. ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհի անժխտելի առաջատարն էր: Բայց այսօր դա բոլորովին այդպես չէ: Ստեղծված իրադրության մեջ ԱՄՆ-ն պայքարելու է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ, եթե ոչ` ողջ ԵՄ-ի: Եւ թե ով կհաղթի այդ պայքարում` դժվար է ասել:
Գագաթաժողով հրավիրելու առաջարկը պատկանում էր ԱՄՆ նախագահին, բայց նախաձեռնությունն առայժմ Եվրոպայի կողմն է: Վաշինգտոնի միջազգային տնտեսության Պետերսոնյան ինստիտուտի տնօրեն Ֆրեդ Բերգստենի խոսքերով, ի տարբերություն ԱՄՆ-ի` Եվրոպան ապրանքարտադրության ազգայնացման մեծ փորձ ունի: Դրանով սկսում են զբաղվել, երբ իշխանության են գալիս լեյբորիստները` Անգլիայում, սոցիալիստները` Ֆրանսիայում, սոցիալ-դեմոկրատները` Գերմանիայում: Ներկայիս ֆինանսական ճգնաժամի ազդեցության ներքո նրանց նկատմամբ հետաքրքրություն է առաջացել եւ Ատլանտիկայից անդին: Պրինստոնյան համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Մորավչիկը գտնում է, որ «եվրոպական օրինակին հետեւելը կարող է եւ տեղական քաղաքական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգներում: Ամերիկացիները` հատկապես պահպանողականները, Եվրոպան գերկարգավորված են համարում, ուստիեւ` եվրոսկլերոզով հիվանդ, ինչը խոչընդոտում է տնտեսության արագ աճին: Ներկայիս ճգնաժամը կարող է փոփոխել նման տեսակետները եւ հարգանք սերմանել ինչպես Եվրոպայի, այնպես էլ կարգավորման մեթոդի հանդեպ»:
G-8 հանդիպման շրջանակները «զարգացող երկրների», եւ մասնավորապես Չինաստանի եւ Հնդկաստանի հաշվին ընդլայնելու իր առաջարկով Բուշն առաջին հերթին գործընթացից հանեց ՄԱԿ-ը: G-8 հանդիպումը, որտեղ ԱՄՆ-ն փոքրամասնություն է կազմում, փոխելով ավելի լայն ձեւաչափով` Բուշը փորձեց եվրոպացիների ձեռքից խլել ղեկը` արդարանալով ճգնաժամի գլոբալ բնույթով: «Քանի որ աշխարհը դեռեւս երբեք այսքան փոխկախվածության մեջ չի եղել, նյութապես անհրաժեշտ է, որպեսզի մենք միասին աշխատենք, քանի որ ճգնաժամը խոցել է մեզ բոլորիս: Գագաթաժողովի հաջողության համար մենք պետք է ողջունենք լավ մտահղացումներն ամբողջ աշխարհից»,- ասել է ԱՄՆ նախագահը: Սարկոզին իր հերթին ասում էր. «Մեզ մեծ հնարավորություն է ընձեռվել` վերջ դնելու անցյալի ատելի փորձին, որը հանգեցրեց ներկայիս ճգնաժամին: Մենք չենք կարող շարունակել նախկին ճանապարհը: Հակառակ դեպքում կառաջանան նույն այն խնդիրները, որոնք կհրահրեն նույն աղետը»:
Այդ միջոցին ֆրանսիական բանկերի բաժնետոմսերն ու նավթի գինը բարձրացել է եվրոպական շուկաների բացման պայմաններում: Մոսկվայում շուկաները բացվել են հիմնական ինդեքսների` ավելի քան 3% բարձրացմամբ:
Եվրոպական շուկաների ընդհանուր բարձրացումը կապված է ամերիկյան եւ ասիական շուկաների լավատեսության հետ, վերջիններս, չնայած նստաշրջանի զուսպ ավարտին, թերեւս դրական են տրամադրված: Պատճառը` ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի ղեկավար Բենա Բերնանկեի հայտարարությունը. երկուշաբթի օրը նա խոսում էր Միացյալ Նահանգների ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար միջոցների եւս մեկ փաթեթի ընդունման հնարավորության մասին: Բայց, Սարկոզիի կարծիքով, Եվրամիությունը պետք է մի ձայնով խոսի, եթե ցանկանում է հետագայում էլ ակտիվ դեր խաղալ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերի լուծման գործում: «Եվրոպան պետք է պնդի համաշխարհային կապիտալիստական համակարգի բարեփոխման գաղափարը. չէ՞ որ այն, ինչը կատարվեց վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում, նահանջ է կապիտալիզմի արժեքներից, բայց ոչ` հրաժարում շուկայական տնտեսությունից»,- հայտնել է նա:
Մի խոսքով, ամեն ինչում մեղավոր է ԱՄՆ-ն. հենց այս մեղադրանքն է կանգնած Նիկոլյա Սարկոզիի եւ ռուսական նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձրագոչ հայտարարությունների հետեւում: «Ֆինանսական ճգնաժամը ոչ մեկին չի շրջանցել, մենք մեծ կորուստներ ենք կրել: Ճիշտ է, Ռուսաստանը փորձում է դրանից դուրս գալ նվազագույն կորուստներով: Մի 15 տարի առաջ հնարավոր է` մենք չբախվեինք ճգնաժամին: Բայց գլոբալիզացումը եւ բաց տնտեսությունն արեցին իրենց գործը, եւ այժմ բոլորը հատուցում են այն կոպիտ սխալները, որ թույլ են տվել մի շարք պետություններ եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ն: Բայց ես կարծում եմ, որ մենք դուրս կգանք ստեղծված իրադրությունից»,- ասել է Մեդվեդեւը:
Կարինե Տեր-Սահակյան





