«Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի կունենա մոտ ժամանակներում: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Արփի Վարդանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Ամերիկայի հայկական համագումարը սպասում է, որ այս հանդիպումը լավ առիթ է կարծիքներ փոխանակելու ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասին, այլեւ քննարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որը նրեկայացված է ԱՄՆ Կոնգրեսում:
«Շատ կարեւոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա առողջ մթնոլորտում, որպեսզի կողմերը պարզորոշ կարողանան արտահայտել իրենց կարծիքներն ու ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները», – ասել է Արփի Վարդանյանը: ԱՀՀ ներկայացուցիչը հաղորդել է, որ այս պահին Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանում է 137 կոնգրեսմեն:
Փետրվարի 9-ին նշանակված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անորոշ ժամանակով հետաձգվել է: Ինչպես հայտնում է Armenian Weekly-ին, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների քննարկման համար նշանակված հանդիպումը հետաձգվում է` Վաշինգտոնում ոչ նպաստավոր եղանակների պատճառով:





