Մարտի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվեց Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Նաբիհ Բըրրին ջերմությամբ հիշեց 90-ական թվականների վերջին Հայաստան կատարած իր այցը եւ ընդգծեց, որ Լիբանանը ունի հատուկ բարեկամական վերաբերմունք Հայաստանի եւ Լիբանանում բնակվող հայ համայնքի հանդեպ:
Լիբանանի խորհրդարանի նախագահի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող վերջին զարգացումները:





