AM
10 Մարտ 2010 - 10:14 AMT

Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը վեցերորդ ծրագրի իրականացումն է ստանձնել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկակայում

Բրազիլահայ համայնքի աջակցությամբ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա եւս երկուսով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնը այս հիվանդանոցում իրականացնում է վեցերորդ ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները:

Ծրագիրը ստանձնելու իր որոշման մասին Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը հայտնել էր դեռ 2009-ի հոկտեմբերին, երբ բրազիլահայ պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան:

«Հիմնադրամի գործունեության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ բարերարը մեկ ծրագիր հովանավորելուց հետո ցանկություն է հայտնում հոգալ հաստատության այլ կարիքները եւս: Արդյունքում շահառուի խնդիրները համալիր լուծում են ստանում: Այսօրինակ դեպքերը մեկ անգամ եւս փաստում են Հիմնադրամի մեծ ներուժն ու վստահությունը»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

2005 թվականից ի վեր Հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգվել է հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապեւտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, ինչպես նաեւ փոխվել Բ մասնաշենքի տանիքը, կառուցվել ջեռուցման համակարգ ու կաթսայատուն: «Նորք» ինֆեկցիոն կլինիկակայի նորոգված բաժանմունքներում անցյալ տարի սպասարկվել է շուրջ 4800 ստացիոնար եւ 2350 ամբուլատոր հիվանդ: