AM
10 Մարտ 2010 - 10:57 AMT

Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը պարգեւատրվել է Պատվո շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանը (Ժանսեմ) պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։

Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը, ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկ քաղաքում, այնուհետև հաստատվել է Ֆրանսիայում: Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում: Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան 2 թանգարան` 2-ն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին, իսկ 2001 թվականին իր եղեռն շարքի 34 աշխատանքները նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին: