«Դոպինգ Սփեյս» ընկերությունը չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգի խնայված միջոցները։ Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Թեպետ մինչ օրս «Դոպինգ Սփեյսն» ավելի քան 500 միլիոն դրամ պարտք ունի ՀՀ ԿԳՄՍՆ-ին, սակայն դա չի խանգարել, որ կառավարությունը հենց «Դոպինգ Սփեյսի» հետ կնքի մոտ 9 մլն դոլարի պայմանագիր՝ COP17-ի միջոցառումների համար (ընդ որում՝ մեկ անձից գնման ընթացակարգով)։
ԿԳՄՍՆ-ից հայտնել են․ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն վճարումներ չի կատարել, 2026 թվականի սեպտեմբերի 25-ին համապատասխան գրությամբ ևս մեկ անգամ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին տեղեկացվել է սահմանված ժամանակահատվածում վճարումերը կատարելու կամ վճարումների համար ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»:
Նախարարությունը նաև պարզաբանել է, որ ընկերության կողմից պահանջված տեղեկությունները չտրամադրելու և համապատասխան վճարումները չիրականացնելու դեպքում նախատեսվում է ձեռնարկել «համապատասխան հետագա գործընթաց»։ Միաժամանակ գերատեսչությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվելու և ինչ միջոցներ կարող են կիրառվել ընկերության նկատմամբ։
Լրատվամիջոցը նախարարությանը նաև հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչ պատճառաբանությամբ է ԿԳՄՍՆ-ի և «Դոպինգ Սփեյսի» միջև ստորագրված պայմանագրի համաձայնագրից բացառվել բանկային երաշխիքի գումարին առնչվող դրույթը։
Նախարարության ներկայացրած բացատրության համաձայն՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 31-ին, մինչդեռ Ջենիֆեր Լոպեսի համերգի անցկացումը նախատեսված է եղել օգոստոսի 3-ին։ Այսպիսով, փաստաթղթի ստորագրման և միջոցառման անցկացման միջև մնացել է ընդամենը երկու օր։
«Հետևաբար, այդ փուլում բանկային երաշխիքի ներկայացման կամ դրա կիրառման անհրաժեշտությունն այլևս առկա չէր»,- հայտնում են նախարարությունից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Դոպինգ Սփեյսից» պաշտոնապես պահանջել է վերադարձնել ավելի քան 500 միլիոն դրամ, որը համարժեք է մոտավորապես 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի։
Նշված ֆինանսական պահանջը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 3-ին Երևանում անցկացված Ջենիֆեր Լոպեսի համերգի համար նախատեսված բյուջեի չօգտագործված միջոցներից, հաշվետվությունները սահմանված ժամկետներից ուշ ներկայացնելու համար հաշվարկված տուգանքներից, ինչպես նաև պայմանագրով ամրագրված այլ պարտավորություններից։
ՀՀ կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախաձեռնության շրջանակում ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի հայաստանյան ելույթը կազմակերպելու համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացրել է 2 միլիարդ 318 միլիոն 596 հազար 800 դրամ:
Այդ ժամանակ լրատվամիջոցներում լայն արձագանք է ստացել այն հանգամանքը, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին՝ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման վերաբերյալ որոշման ընդունումից ընդամենը մեկ ամիս առաջ։
Քննարկումների առարկա է դարձել նաև ընկերության սեփականատերերի կազմը։ Մասնավորապես, բաժնետերերից մեկը Մակար Պետրոսյանն է՝ ՄԱՊ ընկերության հիմնադիր, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին։ Ալեքսան և Մակար Պետրոսյանները ներգրավված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործով։
Սնուպ Դոգի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարությունից հետո հանրային լայն քննարկումներ են սկսվել։ Դրանց հիմնական թեման պետական բյուջեից միջոցառման կազմակերպման համար հատկացվելիք զգալի ֆինանսական միջոցներն են եղել։
Այնուամենայնիվ, համերգը չի կայացել։ Դրա չեղարկման պատճառ են դարձել Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։
Միջոցառման կազմակերպիչը հետագայում հավաստիացրել է, որ համերգի անցկացումից վերջնականապես չեն հրաժարվել, և այն տեղի կունենա այն ժամանակ, երբ Սնուպ Դոգի համերգային ժամանակացույցում համապատասխան ազատ օր գտնվի։
Բացի այդ, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման առնչությամբ՝ ուսումնասիրության հիմքում դնելով առերևույթ արգելված պետական օժանդակության հնարավոր հատկանիշները։
Հանձնաժողովն արձանագրել է, որ ամերիկացի ռեփերի հայաստանյան համերգի կազմակերպման համար «Դոպինգ Սփեյսին» պետական աջակցություն տրամադրելու գործընթացում առկա է եղել ընտրողական մոտեցում։ Մասնավորապես, ծրագրի իրականացումը վերապահվել է միայն մեկ տնտեսվարող սուբյեկտի՝ առանց մրցութային ընթացակարգ կազմակերպելու։





