Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցի առնչությամբ Հայաստանի արդարադատության նախարարությանը եւ ճռաբեկ դատարանի առարկությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է. «ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցում հարյուր քրեական գործերի ընթացքի մանրամասն դիտարկման ու գնահատման արդյունքում, թեեւ զգալի ուշացումով, անձի ազատության իրավունքի, անմեղության կանխավարկածի, կողմերի հավասարության սկզբունքի, միայն ոստիկանական ցուցմունքներով, ինչպես նաեւ խոշտանգումներով ու ահաբեկումներով ձեռք բերված ապացույցներով անձանց դատապարտելու մի քանի տասնյակ կոպտագույն խախտումներ ու փաստեր են արձանագրվել»:
«Արդարադատության նախարարությունը մոռանալով, որ ինքը Կառավարության մարմին է, ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով որեւէ գործառույթ չունի ոչ դատարանների արդարադատության իրականացման, ոչ էլ հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել եւս` ՀՀ դատախազության նկատմամբ, համառորեն հերքում է իր հետ որեւէ առնչություն չունեցող կառույցների թույլ տված ապօրինություններն ու սխալները: Վճռաբեկ դատարանն էլ, իր հերթին, իրեն իրավունք է վերապահում կարծիքներ եւ գնահատականներ հայտնել մարտի 1-ի գործերով, որոնցով մեղադրյալների ու դատապարտյալների, նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքների բացարձակ մեծամասնությունը նույնիսկ վարույթ չի ընդունել ու չի քննել:





