AM
8 Ապրիլ 2010 - 11:56 AMT

“Օտարերկրացիների մասին” օրինագծի ճակատագիրը վերջնականորեն չի որոշվել

Ապրիլի 8-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում քննարկվել է “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը, որը ներկայացրել էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Կառավարությունը բացասական եզրկացություն է տվել օրինագծին: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծի ընդունումը կխախտի բոլոր սփյուռքահայերի և, մասնավորապես, վիրահայերի հավասարության սկզբունքը: Մերժումը նաև պատճառաբանվել է այն բանով, որ օրինագիծը Ջավախքի հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է պատճառ դառնալ Ջավախքի հայաթափմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաղորդել է, որ իր ներկայացրած օրինագծով նախատեսվում էր Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայերին ազատել Հայաստանի տարածքում 90-օրյա բնակությունից հետո բնակությունը հաստատող փաստաթղթի ձեռքբերման անհրաժեշտությունից:

Կառավարության եզրակացությանն անդրադառնալով, Շիրակ Թորոսյանն ասել է, որ համաձայն չէ կառավարության կարծիքին, ըստ որի օրինագծի ընդունումը կարող է խախտել հայկական սփյուռքի և Վրաստանի հայերի միջև հավասարության սկզբունքը: