Հայաստանին ձեռնտու չէ, որպեսզի Իրանը միջնորդ դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, դա Ադրբեջանի համար նախադեպ կդառնա, որպեսզի նա առաջադրի Թուրքիայի թեկնածությունը` որպես հակամարտության կարգավորման միջնորդ: "Մեզ շահավետ չէ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխվի, մենք նոր միջնորդների կարիք չունենք",- ասաց Սարուխանյանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահ երկրներն ունեն այն հնարավորությունները, որոնք Իրանը երբեք չի ունենա:
Ընդ որում, մեկնաբանելով Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը, հայ փորձագետն ասաց, որ դրանք կընդունվեն, բայց դա չի անդրադառնա էներգետիկ ոլորտի վրա, իսկ հայ-իրանական համագործակցությունը դրանից չի տուժի:





