Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Վիլորբան քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ժան-Պոլ Բրետի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և զարգացման գործում` թե որպես քաղաքապետ, թե որպես նախկին պատգամավոր և Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի նախագահ, որը նաև համահեղինակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը նշեց, որ ինչպես ողջ Ֆրանսիայում, այնպես էլ Վիլորբանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայերին, և որ իր այցի հիմնական նպատակն է առավել ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանը:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների և շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը, որն արդեն ներառում է երկու կողմից շուրջ 50 քաղաք և շրջան, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





