AM
18 Մայիս 2010 - 10:22 AMT

Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Մայիսի 17-ին Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն եւ ընդգծել. ՙԳիտական ոլորտում մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների դեռեւս խորհրդային տարիներին հաջող համագործակցության մասին հիշում ենք բոլորս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, այդ կապերը խզվեցին, սակայն հուսով եմ, որ այժմ մենք համագործակցության նոր սկիզբ ենք նախանշում՚:

Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահը Մյասնիկովիչը նշել է, որ իր երկրում Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա: ՙՄեր ժողովուրդների միջեւ նաեւ ընդհանրություններ կան` մենք ամեն ինչ ստեղծում ենք սեփական ինտելեկտով, սեփական ուժերով ու համառ աշխատանքի շնորհիվ՚,- շեշտել է գիտնականը:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում գիտության զարգացման հեռանկարների մասին: Հայաստանի ու Բելառուսի ԳԱԱ ղեկավարները նշել են, որ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների գիտական շրջանակների համար փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: