ԼՂՀ-ում պատերազմ սկսելու հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ: Ադրբեջանում կարծում են, որ պատերազմը կարող է ինչ-որ կերպ փոխել փակուղի մտած իրավիճակը, որը ստեղծվել է ղարաբաղյան հակամարտությունում: Այդ մասին Երևանում «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը և նրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է միջազգային և ռազմավարական հարաբերությունների, ինչպես նաև ռազմական հակամարտությունների հարցով փորձագետ Ժերար Շալյանը: Նրա խոսքերով, պատերազմը կարող է սկսվել անսպասելի հարձակմամբ, և հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան: «Պատերազմը շատ կարճ կլինի, բայց կորուստները մեծ կլինեն: Այն կարող է տևել 2-3 օր, բայց այդ ընթացքում Բաքուն կփորձի առավելագույն վնաս հասցնել հայկական կողմին: Ղարաբաղը չի կարող հաշտվել 10 000 հոգու կորստի հետ, որովհետև գոյություն ունի ժողովրդագրական խնդիր»,- ասել է փորձագետը: Նրա կարծիքով, պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է զիջումների գնալ: Միաժամանակ նա նշեց, որ իրավիճակը շատ բարդ է ու ծանր, և եթե այն չհաղթահարել, ապա ելքը կլինի անսպասելի պատերազմը: Շալյանը նաև համոզմունք հայտնեց, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության գլխավոր դատավոր, անպայման կմիջամտի այդ հարցին և իր խաղաղապահ զորքերը կմտցնի Արցախ:
Գնահատելով հայկական կողմի հնարավոր արձագանքը` Ժերար Շալյանն ասաց. «Հայաստանը պետք է այնպիսի պատասխան տա, որը կստիպի Բաքվին նահանջել: Եթե Հայաստանը ցանկանում է վնաս տալ հենց Ադրբեջանին և ադրբեջանցիներին, ապա նա կարող է հարված հասցնել հենց ժողովրդին: Իսկ եթե Հայաստանը միջազգային սկանդալ է ցանկանում, նա կարող է ռմբակոծել ադրբեջանական նավթամուղերը: Ես կընտրեի երկրորդ տարբերակը»,- ասել է Շալյանը:





