ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 5-ին հանդիպումներ է ունեցավ ոստիկանության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժիններում:
Մասնավորապես` ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ալիկ Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց նոր պետին` միևնույն ժամանակ վերլուծելով այն պատճառները, որոնց հետևանքով նախկին պետը ՀՀ ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանության բաժիններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում խոսելով հանցավորության դեմ պայքարում մարզի ստորաբաժանումների արձանագրած անբավարար արդյունքների մասին` ոստիկանության պետն ընդգծեց դրանց պատճառները և մարզային վարչության ու բաժինների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվեց անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ներկայացնելով ոստիկանությունում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը` Ալիկ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այդ ծրագրի իրականացումը ամենամոտ ապագայում աշխատանքային ու սոցիալական նպաստավոր պայմաններ կապահովի համակարգի ծառայողների արդյունավետ գործունեության համար, իսկ ոստիկաններից պահանջեց առավելագույն ուշադրություն հատկացնել համակարգի ներկայիս գերխնդրի իրականացմանը` բարձրացնել ոստիկանության և յուրաքանչյուր ոստիկանի հեղինակությունը, ամեն ինչով աջակցել քաղաքացիներին, ընդգծված վերաբերմունք ունենալ ոստիկանի պահվածքի ու վարվելակերպի հանդեպ, անել առավելագույնը` հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:





