AM
3 Սեպտեմբեր 2010 - 11:19 AMT

Պավել Ավետիսյան. Պեղումները Ներքին Գոտեձորում մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ Առաջավոր Ասիայի համար

«Սյունիքի մարզի Ներքին Գոտեձոր տեղանքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են դրոշմավորված կենցաղային առարկաներ, որոնք վկայում են այդ դարաշրջանում առկա բարդ սոցիալական հարաբերությունների մասին»,-ասել է ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրենը Պավել Ավետիսյանը սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև խոշոր եղջերավորների (հիմնականում ցլերի) ոսկորներ, ինչպես նաև աշխատանքային գործիքներ, պատրաստված Սյունիքի օբսիդիանից: Հայտնաբերվել են նաև գունավոր խեցեղեն իրեր, որոնք, ենթադրաբար, դրսից են բերվել: Պավել Ավետիսյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ներքին Գոտեձորում հայտնաբերված կենցաղային իրերը նման են Ուրմիա լճի շրջանում հայտնաբերված իրերին:

Պեղումները Ներքին Գոտեձորում Հայաստանի և Ֆրանսիայի գիտության ազգային կենտրոնի մասնագետները համատեղ սկսել են 2009-ին: Նախագիծը ֆինանսավորում են երկու երկրները:

«Պեղումները Ներքին Գոտեձորում մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ Առաջավոր Ասիայի համար: Նման գտածոներ ունենալով մենք ցանկացած պահի կարող ենք հակահարված տալ հարևան երկրների երբեմն անհեթեթության հասնող պնդումներին»,-ասել է ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրենը: