AM
5 Նոյեմբեր 2010 - 12:31 AMT

Հայ եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն

Նոյեմբերի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձավ Հայաստանի և Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին՝ ուրախություն հայտնելով դրանց խորացման համար: Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք հայտնեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի և աջակցության համար:

Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, Վահիդ Ջալալզադեն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար: Նա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ: Նահանգապետն իր երախտագիտությունը հայտնեց նաև Հայ Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն: