ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄՀ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանին: Հանդիպմանը քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող պոմպակայանների վերականգնման եւ վերազինման, երրորդ կարգի ջրանցքների, դրենաժային համակարգի վերականգնման ծրագրերի ընթացքը: Ա.Ռասինը տեղեկացրեց վերջերս ՀՄԿ-ի ինժեներական խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների մասին` հայտնելով, որ աշխատանքները շարունակվում են, եւ երկրորդ փուլից հետո ուսումնասիրությունների ամփոփ արդյունքները կքննարկվեն նաեւ կառավարության հետ: Նշվեց, որ թե կառավարությունը, թե «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի տնօրինությունը եւ թե շինարարական կազմակերպությունների ղեկավարները պետք է հաշվի առնեն արված առաջարկություններն ու ձեռնարկեն բոլոր միջոցները` աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար:
Փոխվարչապետը վստահեցրեց, որ ծրագրերի ընթացքը շարունակելու է մնալ կառավարության հետեւողական ուշադրության կենտրոնում: Նա նաեւ ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Ա. Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունն Ազգային ժողովի հետ արդեն ձեռնամուխ է եղել Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացմանը. առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից:
Ա. Ռասինը հայտնեց, որ ՀՄԿ-ի կողմից հավանության է արժանացրել ՋՕԸ-ներին օժանդակելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար մրցույթի անցկացման հարցը: Մրցույթն արդեն հայտարարվել է եւ կամփոփվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:





