Օրերս ԱԺ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը այցելեցին Սյունիքի մարզ, ուր հանդիպեցին տեղի բնակչության հետ: Գորիսում, Ագարակում, Մեղրիում, Կապանում, Լեռնաձորում եւ այլ բնակավայրերում հանդիպման ժամանակ ներկաները հիմնականում դժգոհում էին երկրում ստեղծված ծանր պայմաններից, անարդարություններից, չինովնիկների կամայականություններից, վաղվա օրվա հանդեպ անորոշությունից, արտագաղթից, որոնք, ըստ էության, բնորոշ են հանրապետության գրեթե բոլոր շրջաններին: Մասնավորապես լուրջ դժգոհությունների առիթ են դարձել վերջին ժամանակներս առաջին անհրաժեշտության սննդամթերքի աննախադեպ թանկացումը, նվազագույն աշխատավարձի ու թոշակների նկատմամբ իշխանության վարած քաղաքականությունը, բանակում տեղի ունեցող արտառոց դեպքերը եւ այլն:
Բարձրացված շատ հարցեր վերաբերում էին Արցախի հիմնախնդրին, բնապահպանական հարցերին, ավանդների վերադարձմանն ու առողջապահական համակարգում տիրող անարդարություններին: Դժգոհության առանձին թեմա է դարձել ուրանի հնարավոր շահագործման հարցը:
«Ժառանգության» ներկայացուցիչները սյունեցիներին տեղեկացրին կուսակցության կատարած աշխատանքների մասին, որոնք միտված են քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ասվում է կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:





