AM
1 Դեկտեմբեր 2010 - 10:06 AMT

Արդյոք ավելի հե՞շտ կլինի զանգահարել «Երևանջուր» ընկերությանը «թեժ գծի» 1-85 համարով

«Երևանջուր» ՓԲԸ-ում մեկ ամիս առաջ տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվեցին հատուկ ստորաբաժանումներ ընկերության ղեկավարության և աշխատողների փոխհարաբերությունները հաճախորդների հետ բարելավելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդեց «Երևան-ջուր» ՓԲԸ-ի հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: «Մենք լինելու ենք ընկերություն-հաճախորդ յուրօրինակ կամուրջը, որը թույլ է տալու լավագույնս տրամադրել ծառայություների ողջ սպեկտրը և լսել հաճախորդների բողոքները»,- ասաց նա:

Գագիկ Մարգարյանը նաև հաղորդեց, որ ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում 1-85 « թեժ գծի» ծառայությանը: «Այսուհետև ստացվող զանգերը գրանցվելու են, ավելին, ընկերության հաճախորդները կարող են իրենց հաղորդագրությունները թողնել ինքնապատասխանիչի վրա, իսկ մեր աշխատողներն անպայման հետ կզանգեն և կփորձեն լուծել ստեղծված խնդիրը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերվում է «թեժ գծի» օպերատիվությանը, ապա Մարգարյանը պարզաբանեց, որ զանգերի թիվը կտրուկ մեծանում է համակարգում վթարային իրավիճակի առաջացման հետևանքով: «Մենք օպերատորների սահմանափակ քանակ ունենք, որի պատճառով նրանք չեն կարող պատասխանել բոլոր զանգերին»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, բնակչության շարքում շատ են բողոքները «Երևանջուր»-ի «թեժ գծի» աշխատանքի հետ կապված, որտեղ օպերատորները միշտ զբաղված են և պատրաստ չեն պատասխանել հաճախորդների հարցերին: