AM
2 Դեկտեմբեր 2010 - 10:31 AMT

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ծանոթանում է մարզպետարանների ամփոփիչ աշխատանքներին

Մարզպետարանների ընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին, ինչպես նաև մարզերում ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային քննարկումներ է անցկացնում մարզպետարաններում:

Այսօր փոխվարչապետն այցելեց Կոտայքի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Փոխվարչապետը բավարար գնահատեց դեկտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը` հույս հայտնելով, որ վերջին ամսվա հավաքագրումները հնարավորություն կտան ապահովել մարզի նախորդ տարվա տոկոսային ցուցանիշը: Ա. Գևորգյանը հանձնարարեց նաև համայնքի ղեկավարների հետ աշխատանքներ տանել` մինչև տարեվերջ 2011 թ. բյուջեներն ընդունելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների ավարտի, աշնանացանի կազմակերպման մասին: Նշվեց, որ մարզում այս պահի դրությամբ կատարվել է շուրջ 4000 հա հացահատիկի աշնանացան` գրեթե նույնչափ, որքան անցած տարի: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Զեկուցվեց նաև, որ մարզի գյուղացիական տնտեսություններին վնասներ են պատճառում կրծողները, և մարզպետարանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, քայլեր է ձեռնարկում կրծողների դեմ պայքարի ուղղությամբ: Աշխատանքներն են տարվում 6 հազ. հա տարածքում: Ա. Գևորգյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական խնդիրները, ինչպես նաև աջակցել ոռոգման վարձավճարների հավաքագրման գործընթացին:

Փոխվարչապետը նաև մարզպետի ուշադրությունը հրավիրեց մարզում սանիտարական վիճակի վրա` տեղեկացնելով, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում, և պահանջեց համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների, ճանապարհներն սպասարկող ընկերությունների հետ` աղբահանության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: