AM
2 Դեկտեմբեր 2010 - 13:24 AMT

Ամերիկայի Հայկական համագումարը հատուկ տոնական ընդունելություն է կազմակերպում Վաշինգտոնում

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի կունենա Ամերիկայի Հայկական համագումարի Վաշինգտոնի տարածաշրջանի խորհրդի հատուկ տոնական ընդունելությունը: Այն կազմակերպվում է Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի, Մայրաքաղաքային տարածաշրջանային խորհրդի համանախագահներ Կլարա Անդոնյանի և Դորիս Ջորջի կողմից, ովքեր նշեցին. «Համագումարը ուրախությամբ հայտարարում է, որ շարունակում է համայնքային աշխատանքները երկրի մայրաքաղաքում և հրավիրում իր հյուրերին հատուկ տոնական ընդունելությանը»:

Ինչպես հայտնում է ԱՀՀ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Համագումարի տոնական ընդունելությանը ընթացքում տեղի կունենա ճեպազրույց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի և Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի մասնակցությամբ, իսկ Համագումարի Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը կլինի տոնակատարությունների վարողը: Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարկարյանը և Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս տարի հյուրընկալվող գլխավոր խոսնակն է դոկտոր Ռուբեն Ադալյանը` Հայ Ազգային Ինստիտուտի և Հայոց Ցեղասպանության թանգարանի ու հուշահամալիրի տնօրենը: ՙ 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: