AM
4 Դեկտեմբեր 2010 - 10:50 AMT

Դեկտեմբերի 5-8-ը Սևանա լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները եւ կարգելվի մուտքը լիճ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՙՍեւան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր ՙՍեւան՚ ազգային պարկում տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, մարզի իրավապահ մարմինների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի եւ այդ ընթացքում մի շարք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:

Այսօրվանից Սեւանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն ԲՆ հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները եւ կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի ՙկարաս՚ ձկնատեսակի եւ խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչեւ հունվարի 20-ը: ՙՍեւան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ եւ մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու եւ ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները:

Փոխվարչապետը կարեւորեց այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը եւ ներգրավված բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: