Ադրբեջանը միայն այն դեպքում կվերսկսի պատերազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե ուժի զգալի գերազանցություն ունենա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Սակայն, ըստ փորձագետի, այսօրվա դրությամբ Ադրբեջանը նման առավելություն չունի: Ըստ նրա, հաղթանակի համար կարևոր է ավիացիան, ռազմաօդային ուժերի առկայությունն ու հրթիռային տեխնիկան: «Ինչպես հայտնի է, անցյալ տարի Հայաստանի զինանոցը համալրվեց, հատկապես, հակաօդային պաշտպանության առումով: Դա չեզոքացնում է Ադրբեջանի բոլոր առավելությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ դա իր հերթին նվազագույնի է հասցնում Ադրբեջանի հաղթելու հնարավորությունը:
Նա հավանություն է տվել ռազմական այլ փորձագետների այն կարծիքին, որ այս տարի լարվածությունը Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կպահպանվի:
Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով սպառազինության ներկրմանը տարածաշրջան, ասել է, որ մասնավորապես, այն զինատեսակները, որոնք ներկրվում են տարածաշրջան, կարող են կիրառվել 25 տարվա ընթացքում: «Սակայն փորձագետը նշել է, որ եթե Ադրբեջանը չկիրառի իր սպառազինությունը մինչ այդ ժամկետի ավարտը, ապա ստիպված կլինի նորը ձեռք բերել: Նա համամիտ էր իր գործընկերոջ հետ այն առումով, որ Բաքուն պատրաստ չէ ռազմական գործողությունների վերականգնմանը:





