AM
19 Հունվար 2011 - 13:50 AMT

Երևանում կհիմնվի հայ-իրանական բարեկամության այգի

Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պատմամշակութային հարուստ անցյալ ունեն, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի նպատակային դարձնել Երևանի և Իրանի քաղաքների միջև գործնական հարաբերություններն ու դրանց զարգացումը:

Երևանի քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Կարեն Կարապետյանը կարևորեց Երևանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը, բնապահպանության և տրանսպորտի ոլորտներում ծրագրերի իրականացումը:

«Երևանում երթևեկության կառավարման կարգավորման նպատակով առաջնային ենք համարում նաև մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: