«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով արդեն իսկ լուծվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը: Ծրագիրը համաֆինանսավորել են Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինն ու Ռուսաստանի հայ գործարարները:
Վերանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին, որոնք արդեն ունեն կանոնավոր ջրամատակարարում: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: «2011թ.-ին մեր նվիրատուներն առիթ կունենան տեսնելու, թե ինչպես է իրենց նվիրատվությունների շնորհիվ իրականություն դառնում «Ջուրը կյանք է» կարգախոսը, եւ դրա ամենաթարմ օրինակը Նորագյուղն է»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ջուրը կյանք է ամենուր, իսկ գյուղերում այն ոչ միայն կյանք է, այլ նաեւ տնտեսական զարգացման նախապայման», – ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. այն հիմնվել է 1966 թվականին եւ ունի շուրջ 1510 բնակիչ, ում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է: Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ եւ գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ զգալիորեն կբարելավվի, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:





