AM
15 Փետրվար 2011 - 08:32 AMT

Երևանում կներկայացվի կին քաղաքական գործիչների համար նախատեսված ուսումնական ձեռնարկը

Փետրվարի 16-ին ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի կունենա «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդես: Ելույթ կունենան Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկը կազմել են Բրիտանական խորհրդի և Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ 2008 թվականին նախաձեռնած Wo/Men in Politics երկամյա ծրագրի մասնակիցները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան և ծրագրի մասնակից հայաստանյան կուսակցությունների կին ներկայացուցիչները: Wo/Men in Politics ծրագրի արդյունքում Հայաստանում որոշվեց ձևավորել Կանանց հարցերով խորհրդակցական խումբ: Այս խմբի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի Ազգային ժողովում տարածել հավասար հնարավորությունների քաղաքականությունը և ապահովել կնոջ ակտիվությունը խորհրդարանում:

Ուսումնական ձեռնարկն ուղղված է քաղաքականության ասպարեզում սկսնակ կին գործիչների հմտությունների բարձրացմանը: Գրքում զետեղված տեղեկատվությունն ու խորհուրդները ներառում են Մեծ Բրիտանիայի և Հայաստանի փորձը, հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Թեպետ կանայք կազմում են հայ հասարակության 50 տոկոսից ավելին, քաղաքական դաշտում նրանց ներկայացվածությունը շարունակում է ցածր մնալ: Ազգային ժողովի 131 պատգամավորներից 11-ն է կին, իսկ 18 նախարարներից` միայն երկուսը: ՀՀ պարտավորվել է մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ընդհանուր թվում` դարձնելով այն 25 տոկոսից ավելի:

Բրիտանական խորհուրդը ձեռնարկը տրամադրելու է հանրապետության համալսարաններին և գրադարաններին: