ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը մասնակցել է «Հանուն Կովկասի կայունության» խորագրով տարածաշրջանային համաժողովին, որը Եվրոպայի «Կանաչների համաժողով» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի Կանաչների կուսակցությունը: Համաժողովին հրավիրված էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ: Համաժողովում զեկույցով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, քննարկվեցին բնապահպանական, բնական միջոցների արդյունավետ օգտագործման, տարածաշրջանում տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության եւ անվտանգության հիմնախնդիրները: Կողմերը քննարկեցին հետագա համատեղ գործունեության ռազմավարությունը, որը պետք է խարսխված լինի ընդհանուր ջանքերի վրա` հանուն տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցության:
Փետրվարի 12-ին համաժողովի տարածաշրջանային մասնակիցներն ընդունեցին ամփոփիչ փաստաթուղթ` «Հարավային Կովկասում կայունության եւ կայուն զարգացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր, ըստ որի` կողմերը համաձայնեցին հիմնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած համակարգող խումբ` հավասարության (պարիտետային) սկզբունքով: Խմբում կընդգրկվեն քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր ընդունում են ժողովրդավարության եւ Եվրոպայի Կանաչների շարժման սկզբունքները, Մասնակիցները պայմանավորվեցին նաև նախաձեռնել «Տարածաշրջանային անվտանգությունը եւ կայուն զարգացումը» ընդհանուր ծրագրահենքի ստեղծման աշխատանքները, խմբի աջակցությամբ ստեղծել ու ամրապնդել ընդհանուր վիրտուալ ցանց, որտեղ տարածաշրջանի կայուն զարգացման խնդիրների քննարկմանը կարող են մասնակից դառնալ թե անհատներ եւ թե կազմակերպություններ:
Հայաստանյան պատվիրակության կազմում էին Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) փորձագետ Արմեն Թորոսյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, նույն կենտրոնի անդամ Ռուբեն Սարգսյանը, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Մարինա Գարաչյանցը, «Մենք ենք տերը այս քաղաքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը եւ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, հայտնում է ՔԱՆ լրատվական ծառայությունը:





