Փետրվարի 18-ին, Ժնևում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողովի շրջանակներում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ այս հանդիպմանը Հայ առաքելական սուրբ եկեղեցին ներկայացնում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, ով հանդիսանում է նաև Իրաքի քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձ ունեցան վերջերս Իրաքում քրիստոնյաների դեմ կիրառված հալածանքներին և ահաբեկչական գործողություններին: Կենտրոնական կոմիտեի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նրանք ընդգծեցին Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգության ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը: Իրաքի կրոնական առաջնորդները շեշտեցին, որ Եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, և եթե այսպես շարունակվի` քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:





