AM
22 Փետրվար 2011 - 08:39 AMT

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը քննարկել է քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում

Փետրվարի 16-22-ը, Ժնևում (Շվեյցարիա), գումարվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտեի հերթական ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և տիկ. Փոլա Դևեջյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացնում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը և դոկտ. Նորա Պայրագտարյան-Գապագյանը: Ժողովին որպես քարտուղար մասնակցեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան աշխատակից Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Ժողովում քննարկվեցին Յամայկայում կայանալիք Միջազգային էկումենիկ խաղաղարար համաժողովի նախապատրասման աշխատանքներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակին և ԵՀԽ-ի միջազգային կառույցներում առաջարկվող փոփոխություններին առնչվող հարցեր:

Կենտրոնական կոմիտեն անդրադարձավ նաև Միջին Արևելքում ծավալվող իրադարձություններին: ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտը իր խոսքում ընդգծեց Յամայկայի համաժողովի կարևորությունը, որը պետք է ամրապնդի եկեղեցիների միացյալ ջանքերը հանուն բռնության հաղթահարման: Նա նաև նշեց, որ եկեղեցիները կարևոր դերակատարություն պետք է ունենան Միջին Արևելքում խաղաղության ու արդարության ամրապնդման հարցում: