Փետրվարի 23-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական Հոլոդոմորը)» գրքի շնորհանդեսը: Գրադարանում կբացվի ցուցահանդես` «Ուկրաինական գրականությունը` հայերեն», «Հայ գրողները` ուկրաիներեն», «Ուկրաինական գրականություն» խորագրերով, որտեղ կներկայացվեն հայերեն և ուկրաիներեն շուրջ 120 միավոր գրականություն` բառարաններ, տեխնիկական գրականություն, մասնագիտական, պատմական, մանկապատանեկան թեմաներով գրված գրքեր, որոնք տպագրվել են 1925-2010թթ.:
«Ուկրաինական գրականություն» խորագրի ներքո ներկայացված են Տարաս Շևչենկոյի, Լյուդմիլա Չեկալենկոյի ստեղծագործությունները: «Ուկրաինական գրականությունը` հայերեն» խորագրով ցուցափեղկում ուշագրավ են Վլադիմիր Կոլոմիեցի, Իվան Գրաշիի, Նաթան Ռիբակի, Վիկտոր Կոչևսկու ստեղծագործությունները, իսկ «Հայ գրողները` ուկրաիներեն»՚ խորագիրը կրող ցուցափեղկում ներկայացված են Ավ.Իսահակյանի, Հովհ.Թումանյանի, Վահան Տերյանի, Վախթանգ Անանյանի, Լևոն Միրիջանյանի, Խաժակ Գյուլնազարյանի, Գեղամ Սարյանի ստեղծագործությունների ուկրաիներեն թարգմանությունները: Այստեղ աչքի են ընկնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի և «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությունները:
Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գիրքը ուկրաիներենից հայերեն է թարգմանել Ֆելիքս Բախչինյանը: Գիրքը ոչ միայն փորձ է` ցույց տալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1933թ., այլ նաև բացատրելու, թե ինչու է այն տեղի ունեցել: Աշխատությունը կազմված է հոդվածներից, որոնք տպագրվել են Կիևի «Դեն» թերթում: Իր հոդվածները հեղինակը ներկայացրել է հինգ խորագրերի ներքո` «Ցեղասպանությունը որպես քաղաքական-իրավական կատեգորիա», «1933թ. Հոլոդոմորն արդյո՞ք եղել է ցեղասպանություն», «1932-1933 թվականների Հոլոդոմորը որպես ցեղասպանություն. ապացուցողական հիմքի բացերը», «Մահացու հորձանուտ», «Կարելի՞ է արդյոք ուկրաինական Հոլոդոմորն առանձնացնել 1932-1933թթ. համամիութենական սովից»: Գիրքը 2008թ. թարգմանվել է ռումիներեն, հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2010թ.:
Շնորհանդեսին ներկա կլինեն Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը, ներկայացուցիչներ Հայաստանում ՌԴ դեսպանատնից, ՀՀ Սփյուռքի նախարարությունից, հայտնում է Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:





