AM
3 Օգոստոս 2026 - 10:38 AMT

ՍԱՏՄ-ն հիշեցրել է շոգ եղանակին սննդի պահպանման կանոնները

Ամառային բարձր ջերմաստիճանների պայմաններում հաճախ արձանագրվող սննդային թունավորումների դեպքերով պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն կրկին կոչ է արել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես խոշոր միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի պահպանման և մատուցման կանոնների պահպանմանը։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փչացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում և հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։

«Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։ Շոգ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը, իսկ սննդի անվտանգությունը պահպանելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։