AM
3 Օգոստոս 2026 - 11:05 AMT

Կաթողիկոսն օրհնել է ընդդիմադիր պատգամավորներին, հորդորել լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը

Օգոստոսի 2-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցել է պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել սահմանված կարգի և ձևավորված ավանդույթի համաձայն մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին ու պատգամավորներին փոխանցելու Սուրբ Էջմիածնի օրհնությունն և Հայրապետական իր պատգամը։

Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի առիթով կաթողիկոսը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր գործունեության ընթացքում լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանն ու ստանձնած հանձնառություններին՝ գործելով հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։ Նորին Սրբությունը նաև պատգամել է առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ և ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ ու ազնվությամբ։

Վեհափառ Հայրապետն առանձնակի անդրադարձ է կատարել երկրում և ազգային կյանքում առկա մտահոգիչ իրավիճակին ու ծառացած ծանր խնդիրներին։

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», – նշել է Վեհափառը։

Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ եկեղեցին շարունակելու է իր հնարավորություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ նպատակ ունենալով ապահովել ազգի բարօրությունն ու առաջընթացը, ինչպես նաև հայրենիքի զորացումն ու պայծառությունը։

Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել խմբակցությունների պատգամավորներին՝ եկեղեցու նկատմամբ ցուցաբերած նվիրումի և որդիական սիրո համար, հատկապես այս դժվարին շրջանում, երբ, նրա խոսքով, շարունակվում են «իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, և երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտվելու համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը․։

Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջույնի խոսք են հղել խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսից»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրել է, որ իբրև Հայոց եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այցելել Վեհափառ Հայրապետին։

«Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», – ընդգծել է նա։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ-ն աշխատանքը սկսել է առանց վեհափառի օրհնության, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չէին հրավիրել։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ երեկոյան կգնան Մայր աթոռ` վեհափառի օրհնությունը ստանալու։