Իտալիան օգոստոսի 4-ին նախատեսված ԵՄ խորհրդի նիստում քննարկման է դնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։ Այդ մասին գրել է Corriere della Sera թերթը։
Ավելի վաղ ԵՄ 22 երկրներ նամակով դիմել էին դաշինքի ղեկավարությանը` կոչ անելով ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները և ուժեղացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, գրում է Sputnik Արմենիան:
«Իտալիան, ի դեմս ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի, օգոստոսի 4–ին հրավիրված Եվրոպական խորհրդի նիստում կներկայացնի անօրինական միգրանտների հայրենադարձության համար ալբանական մոդելով նոր կենտրոններ ստեղծելու մասին առաջարկ, որոնք, սակայն, ֆինանսավորվելու են եվրոպական միջոցներով և գրեթե բոլորը գտնվելու են Աֆրիկայում», – գրել է թերթը։
Թերթը նշել է, որ այն երկրների նախնական ցանկում, որտեղ կարող է հնարավոր լինել նման կենտրոնների բացումը, ընդգրկվել են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։
Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ են հավաքվել Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (Իսպանիայի էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով – խմբ.) միջև գտնվող սահմանի մոտ։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում 40,000-60,000 անօրինական միգրանտ է անցել Սեուտա։ Իսպանիայի իշխանություններն են շտապ ուժեղացրել սահմանը՝ ներգրավելով լրացուցիչ ոստիկանական և ռազմական ուժեր՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։
Իսպանիայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս լայնածավալ ճգնաժամի հիմնական խթանը դարձել են սոցիալական ցանցերում տարածված կոչերը, որոնց միջոցով զանգվածաբար տարածվել են միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներ և տեսանյութեր։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին արդեն հայտարարել է, որ քննարկում է Իսպանիայի հետ Շենգենի կասեցման հարցը՝ իսպանական անկլավ անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով։ Ֆինլանդիան և Դանիան են միացել այդ առաջարկին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ պահանջել է, որ Մարոկկոն հետ ընդունի Իսպանիայի Սեուտա քաղաք հասած միգրանտներին, ինչպես նաև հայտարարել է, որ Մադրիդը պետք է վերահսկողության տակ վերցնի անկլավում ստեղծված իրավիճակը։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ կոչ է արել կանգնեցնել սահմանի անօրինական հատումները։





