AM
3 Օգոստոս 2026 - 13:53 AMT

Մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրությունը․ «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու, «Հայաստանը» չի մասնակցում

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, հայտնում է Արմենպրեսը:

«Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ չի մասնակցելու Ազգային ժողովի նախագահի ընտրության փակ քվեարկությանը։

Օգոստոսի 2-ից մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսել էին Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովում ներկայացված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, ինչպես նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատներով։