Հայաստանի և ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) միջև որևէ դիմակայություն չկա, հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Ըստ նրա՝ սխալ է պնդել, թե այն շարունակվում է 2021 թվականից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման ժամանակաշրջանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «կոնֆլիկտ» գոյություն չունի։ Ապրիորի սխալ է նաև ասել, թե այն իբր շարունակվում է 2021 թվականից»,- նշել է Վասիլևը՝ պատասխանելով գործակալության հարցին։
Դիվանագետի խոսքով՝ երկար տարիներ, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում, փորձեր են արվել գտնելու փոխզիջումային լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է համապատասխան լուծումներ, որոնք, ըստ նրա, լավ հայտնի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարություններին։
Վասիլևը նաև ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի առնչվել ՀԱՊԿ-ի մանդատին, և, նրա խոսքով, Երևանում այդ մասին տեղյակ են։
Մինչդեռ ՀՀ-ն երբեք չի ակնկալել ՀԱՊԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության հարցում, այլ դիմել է կազմակերպությանը, երբ խախտվել են բուն ՀՀ սահմանները 2021 և 2022 թթ․:
Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին։





