AM
3 Օգոստոս 2026 - 16:04 AMT

Կոնջորյան․ Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր վարձատրվող տնօրենն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, հայտարարել է, որ իր կինը «Հայփոստի» պատմության մեջ «ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ»։

«Հայփոստ»-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը»,-ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:

Նրա խոսքով՝ Շուշան Ալեքսանյանը մինչև տնօրեն նշանակվելը հինգ տարի աշխատել է «Հայփոստում»՝ զբաղեցնելով վարչության ղեկավարի պաշտոնը։

«Եղել է մրցույթ, իմ կինը մասնակցելով մրցույթին, ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»,-հավելել է նա:

Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստն» ամբողջությամբ պետական ընկերություն է։

Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը տվյալ պաշտոնում գերազանցել է 118 հազար դոլարը։ Ըստ այդ տվյալների՝ պետական ընկերությունում նրա ամսական վարձատրությունը կազմել է ավելի քան 3․6 մլն դրամ կամ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։

Հարցումներին «Հայփոստի» և այն կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային: Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստի» տնօրենի աշխատավարձը: