ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 9-րդ գումարման խորհրդարանում այլևս չի ընդգրկվի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, այլ կաշխատի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը վերջին ութ տարիների ընթացքում, իր գնահատմամբ, արձանագրել է նշանակալի արդյունքներ՝ հիշեցնելով նաև այդ ընթացքում ձևավորված երկու քննիչ հանձնաժողովների աշխատանքը, հայտնում է «Փաստինֆոն»:
«Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում են քննչական մարմինների զեկույցները, այդ թվում՝ Գլխավոր դատախազի։ Դրանք, ըստ էության, առնչվում են անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը օգտակար կլինի։ Ես փոխում եմ սլաքները, կարծում եմ՝ նոր տեղում նոր խոսք պետք է բերել»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նոր հանձնաժողովում իր աշխատանքային փորձը կարող է օգտակար լինել՝ հատկապես անվտանգության հետ առնչվող իրավական հարցերի քննարկումների ընթացքում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:





