AM
4 Օգոստոս 2026 - 10:22 AMT

Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների որոշ շրջանավարտների կնշանակի բարձր պաշտոններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ պետական կառավարման համակարգում աշխատանքի համար աշխարհի առաջատար համալսարանների մի շարք շրջանավարտների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Ստացվել է 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների մոտ 40 տոկոսն անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։

«Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։

Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը։

Շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին եւ հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ: