AM
4 Օգոստոս 2026 - 11:38 AMT

ՀՀ-ում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Օգոստոսի 3-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի, Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար կազմակերպված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և հրավիրված հյուրեր։

Արփինե Սարգսյանը Հայաստանում աշխատաժողովի անցկացումն ապահովելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ շեշտելով, որ նման լայն ներկայացվածությունը վկայում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման նկատմամբ առկա հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը մասնակիցների համար ստեղծելու է մասնագիտական զարգացման և նոր հնարավորությունների հարթակ։

«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է նա:

Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Սարգսյանը շեշտել է, որ նման ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ այս ոլորտում ակտիվ դերակատար լինելու պատրաստակամության մասին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման ընթացքում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Աշխատաժողովում ելույթներով հանդես են եկել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտում կիրառվող նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կզարգացնեն և կկատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները։