Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։
Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով ներկայացված հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին, հայտնում է Sputnik Արմենիան:
Հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Լիպարիտ Դրմեյանին՝ նա ասել էր, որ գործարար Սամվել Կարապետյանի կառավարմամբ գործող ՀԷՑ-ը կառավարությունում աղբյուր է ունեցել։ Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ վարչապետի հայտարարության հիման վրա ընթացք է տրվել համապատասխան գործընթացին։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը դատարան է ներկայացրել հայց՝ հայտարարելով, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։
Դրմեյանը սկզբնական հայցով ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն նշել է, որ հետագայում չի բացառվում նման պահանջի ավելացումը։





