ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։
Իոաննիսյանը հայտնել է, որ հաղորդում է ներկայացրել Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝ այն որակելով որպես խուլիգանության հնարավոր դրսևորում։ Նշվել է, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ Ավետ Կոնջորյանը հանրային վայրում՝ փողոցում, մեքենայի միջից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։
Ուշագրավ է, որ նույն տեսանյութում Ավետ Կոնջորյանին ուղեկցել է պարեկային ծառայությունը։ Այդ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։





