Եվրամիության անդամ երկրների ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել։ Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հայաստանին նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է նա։
Ավելի վաղ իտալական «Corriere della Sera» թերթը հայտնել էր, որ Իտալիան օգոստոսի 4-ին նախատեսված ԵՄ խորհրդի նիստում քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում ՀՀ-ում, Եվրամիության անդամ պետությունների ապօրինի միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։
Պարբերականի տեղեկություններով՝ այն երկրների նախնական ցանկում, որտեղ կարող են բացվել նման կենտրոններ, ընդգրկված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։





