Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել երկու հայցադիմում՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց։ Դրանցով պահանջվել է հարկադիր դադարեցնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ համապատասխանաբար 0.5 հա և 1.25 հա մակերեսով, ընդհանուր 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող հողամասերի կառուցապատման իրավունքը, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, իսկ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։





