«Մուլտի Վելնես կենտրոն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ վիճարկում է որոշումը, որով զրկվել է կառուցապատման իրավունքից, իսկ տարածքն անցել է համայնքի տնօրինությանը։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևանի քաղաքապետի կողմից կատարված գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանի դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքված պայմանագիրը, գրում է «Ազատությունը»:
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը, իսկ գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն։ Կադաստրի կոմիտեից իրենց որոշման վերաբերյալ մեկնաբանություն չեն ներկայացրել։
Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնեսի» վարձակալության պայմանագիրը։ Անցած շաբաթավերջին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ համալիրը վերաբացվել է նոր անվամբ և գործելու է մայրաքաղաքի իշխանությունների վերահսկողության ներքո։ Միաժամանակ ընկերությունը դեռևս 2016 թվականին հողի վարձակալության պայմանագրով այդ տարածքը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչև 2065 թվականը։ Սակայն Ավինյանի որոշմամբ Ծառուկյանը զրկվել է ոչ միայն հողամասից, այլև դրա վրա կառուցված շենքից և ներսում գտնվող գույքից։
Քաղաքապետարանից չեն հստակեցնում, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել այդ փոփոխությունները և արդյոք պայմանագրով նախատեսված են եղել նման դրույթներ։
Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, սակայն դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։





