ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:
Անդրադարձ է կատարվել TRIPP ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:
Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են: Ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և Firebird AI ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը:
Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կոնստանտին Սոկոլովը վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության կողմից նշանակվել է նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Նա նաև դարձել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատեր:
Սոկոլովը մինչև TRIPP-ում ներգրավվելը Հայաստանում արդեն հայտնի էր որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիայի» համասեփականատեր․ 2024 թվականին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոս բաժնեմասը։





