Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, քննարկել TRIPP նախագծի իրականացմանն առնչվող հարցեր։ Կողմերը վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի կարգավորումից հետո մոտ ապագայում այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերն ավելի տեսանելի կդառնան։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների, մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Նա նաև կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց իրականացման ընթացքից։
Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր առաջնահերթությունները և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
ՀՀ-ում է նաև «TRIPP+»-ի, Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և ԱՄՆ միջև ԹՐԻՓՓ (TRIPP) ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքի նախագծին։





